Group discussion

ՓՈՒԼ I. Այրվածքների գնահատում և վաղ շրջանի խնամք

Ինչ է այրվածքային վնասվածքը

Այրվածքային վնասվածքը մաշկի շերտերի վնասումն է, որն առաջանում է ստորև ներկայացված միջոցներից և գործոններից որևէ մեկի ազդեցությամբ: Առավել խորը այրվածքային վնասվածքները կարող են վնասել նաև հյուսվածքները (ճարպ և մկան), մինչև անգամ ոսկորը: Այրվածքներ առաջացնող միջոցները կամ գործոններն են՝

  • բոց. շփում կրակի կամ բոցի հետ,
  • բռնկում. առաջանում է պայթուցիկ նյութերի պայթյունի ջերմությունից,
  • այրում. շփում տաք հեղուկների կամ տաք գոլորշու հետ,
  • յուղ. շփում տաք յուղի հետ,
  • կոնտակտ. երկարատև շփում ինչ-որ տաք առարկայի հետ,
  • էլեկտրական. էլեկտրաէներգիան անցնում է մարմնի միջով, տաքացնում է մաշկը և դրա հիմքում ընկած հյուսվածքը,
  • քիմիական. շփում քիմիական նյութերի հետ, ինչպիսիք են թթուները կամ ալկալինները։

Որո՞նք են այրվածքների տարբեր աստիճանները:

Բժիշկներն այրվածքների խորությունը չափում են աստիճաններով.

  • Առաջին աստիճանիայրվածքներն ամենաթեթևն են: Դրանք կոչվում են նաև մակերեսային այրվածքներ։ Առաջին աստիճանի այրվածքները վնասում են միայն էպիդերմիսը, որը մաշկի առաջին շերտն է։ Առաջին աստիճանի այրվածքները սովորաբար չեն վարակվում, սպի չեն թողնում: Մաշկը կարող է կարմրել, բայց չի ճաքճքում։ Այս տեսակի այրվածքներն ապաքինվում են 3-5 օրվա ընթացքում:
  • Երկրորդ աստիճանիայրվածքները կոչվում են նաև մասնակի խորության այրվածքներ: Դրանք վնասում են և՛ էպիդերմիսը, և՛ դերմիսը (մաշկի երկրորդ շերտը): Երկրորդ աստիճանի այրվածքները ցավոտ են. վնասված հատվածը կարող է այտուցվել և ծածկվել կարմիր բշտիկներով։ Տարբերակում են երկրորդ աստիճանի այրվածքների երկու ենթատեսակ՝ մակերեսային և խորը։ Երկրորդ աստիճանի մակերեսային այրվածքները լավանում են ավելի արագ (մոտավորապես երկու շաբաթվա ընթացքում) և սովորաբար սպի չեն թողնում։ Երկրորդ աստիճանի խորը այրվածքների ապաքինումն ավելի երկար է տևում, հնարավոր է՝ վիրահատական միջամտության կարիք լինի՝ կախված այրվածքի չափից և տեղից: Այս տեսակի այրվածքները հաճախ թեթևակի սպիներ են թողնում:
  • Երրորդ աստիճանի այրվածքները կոչվում են նաև ամբողջական խորությամբ այրվածքներ: Դրանք անցնում են էպիդերմիսի և դերմիսի միջով՝ ազդելով ավելի խորը գտնվող հյուսվածքների վրա, որոնք նույնպես կարող են վնասվել կամ քայքայվել: Վնասված տարածքը կարող է ունենալ ածխացած տեսք, ինչպես նաև կարող է լինել սև, սպիտակ կամ մուգ կարմիր գույնի: Այրված տարածքը հաճախ անզգա է դառնում թեթև հպումի նկատմամբ: Երրորդ աստիճանի այրվածքներն ինքնուրույն չեն բուժվում, ուստի հաճախ անհրաժեշտ է լինում մաշկի փոխպատվաստում կատարել (Այս թեման ներկայացվում է ստորև):
  • Չորրորդ աստիճանիև ավելի խորը այրվածքները քայքայում են մաշկը, ինչպես նաև ճարպը, մկանները, երբեմն նաև ոսկորները:

Ինչպես է գնահատվում այրված մաշկի չափը

Rule of nines

Մարմնի այրված մակերևույթը մարմնի ընդհանուր մակերևույթի նկատմամբ այրված տարածքի տոկոսն է (%)։ Այրվածքի չափը գնահատելու համար բժիշկներն օգտագործում են բանաձև, որը հաշվի է առնում տուժածի տարիքը և ինների կանոն դիագրամը (ցուցադրված է ստորև): Սա այրվածքի չափը գնահատելու ամենատարածված եղանակն է: Առաջին աստիճանի այրվածքները մարմնի այրված մակերևույթի տոկոսի հաշվարկում չեն ներառվում:

Ինչպես է գնահատվում այրվածքի ծանրությունը

Այրվածքային վնասվածքի ծանրությունը գնահատելու համար բժիշկները հաշվի են առնում բազմաթիվ գործոններ.

  • այրվածքի աստիճանը (խորությունը),
  • այրված մաշկի չափը (տոկոսը) և
  • տուժածի տարիքը,
    • մարմնի վրա այրվածքի գտնվելու տեղը,
    • - թունավոր գազեր կամ ծուխ շնչելը,
    • - այրվածքի տեսակը,
    • - այլ տրավմատիկ վնասվածքներ (օրինակ՝ ոսկորների կոտրվածքներ) և
    • - այլ առողջական խնդիրներ (օրինակ՝ շաքարախտ, սրտի հետ կապված խնդիրներ, ալկոհոլիզմ և այլն):

Կարող են արդյոք թոքերը այրվել

Շնչելիս ծուխը կամ թունավոր գազերը կարող են վնասել թոքերը: Բժիշկները սա անվանում են ինհալացիոն վնասվածք: Այս տեսակի վնասվածքներ տեղի են ունենում, երբ տուժածը երկար ժամանակ մնում է փակ տարածքում: Վնասի չափը կախված է ներշնչվող գազի և ծխի մասնիկների տեսակից և ազդեցության տևողությունից:

ՓՈՒԼ II. Այրվածքի բուժում

Որոնք են մաշկի փոխպատվաստումներն ու դոնորական տարածքները

Մաշկի փոխպատվաստումը կատարվում է մաշկի բարակ շերտերով, որոնք վերցվում են հիվանդի մարմնի չայրված տարածքներից, այնուհետև վիրահատական միջամտությամբ տեղադրվում են այրված տարածքի վրա։ Այն տարածքը, որտեղից վերցվում է մաշկը, կոչվում է դոնորական տարածք: Ավելի տարածված դոնորական տարածքներն են ազդրը և մեջքը, բայց կարող է լինել նաև մարմնի ցանկացած չվնասված հատված, բացի դեմքից: Դոնորական տարածքի ապաքինումը սովորաբար տևում է մոտ երկու շաբաթ։

Որոնք են մաշկի փոխպատվաստման տարբեր տեսակները

Մաշկի փոխպատվաստման տեսակը որոշելիս վիրաբույժները հաշվի են առնում բազմաթիվ գործոններ: Նրանք հաշվի են առնում հիվանդի ու այրվածքի վիճակը, վերքի խորությունն ու չափը, մարմնի վրա վնասվածքի տեղը:

  • Ավտոփոխպատվաստումները մշտական մաշկի փոխպատվաստումներ են, որոնք փոխարինում են այրված մաշկին: Այս փոխպատվաստման միջոցով վիրաբույժները մարմնի որևէ մասից վերցնում են մաշկը և այն տեղադրում մարմնի այրված հատվածի վրա: Կա ավտոփոխպատվաստման երկու տեսակ.
    • մաշկի մասնակի հաստությամբ փոխպատվաստում, որը ներառում է էպիդերմիսի և դերմիսի մակերեսային շերտի հեռացումը և տեղադրումը այրված տարածքի վրա,
    • մաշկի ամբողջ հաստությամբ փոխպատվաստում, որը ներառում է էպիդերմիսի և դերմիսի ամբողջական հեռացումը և տեղադրումը այրված տարածքի վրա:
  • Ալոփոխպատվաստումները և հոմոփոխպատվաստումները ժամանակավոր փոխպատվաստումներ են, որոնց նպատակն է վերքը ծածկելը: Դոնորային մաշկը վերցվում է ուրիշ մարդուց (սովորաբար դիակից):
  • Քսենոփոխպատվաստումները ժամանակավոր փոխպատվաստումներ են՝ վերքը ծածկելու նպատակով: Դոնորային մաշկը վերցվում է խոզից կամ ձկից:
  • Ցանցավոր փոխպատվաստումներ, որոնց ընթացքում դոնորային մաշկը ծակծկվում է փոքր ճեղքերով կամ անցքերով: Այնուհետև վիրաբույժները կարող են ընդլայնել մաշկային ցանցը, որպեսզի այն մարմնի ավելի մեծ այրված մակերես ծածկի: Պատվաստումների չորս տեսակի դեպքում էլ կարող է կիրառվել ցանցավորում:
  • Թերթային փոխպատվաստումների դեպքում մաշկը անմիջապես դոնորային հատվածից տեղադրվում է վերքի վրա՝ առանց ցանցավորվելու: Այս պատվաստումները սովորաբար կիրառվում են փոքր մակերեսով այրվածքների ժամանակ և այն հատվածներում, որտեղ կոսմետիկ տեսքի պահպանումը կարևոր է։

Ինչ պետք է ակնկալեն հիվանդները

Վերականգնման գործընթացը տարբեր է բոլորի համար: Հիվանդների մեծ մասը նշում է, որ վերականգնման ընթացքում զգում են ցավ, հոգնածություն և քոր:

  • Ցավըտարածված երևույթ է։ Երրորդ աստիճանի այրվածքներն ուղեկցվում են խորը ճնշում պատճառող ցավով: Երկրորդ աստիճանի այրվածքները ցավում են օդի շարժման կամ ջերմաստիճանի փոփոխության հետևանքով: Առաջին աստիճանի այրվածքները ցավոտ են մաշկի մակերեսի վրա։ Ցավ կարող է առաջանալ նաև վիրակապի փոփոխության ժամանակ: Ամենակարևորը՝ հետագայում առաջացած աճող ցավը կարող է կապված լինել վերքի վարակի առաջացման հետ: Լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել «Այրվածքից հետո ցավի կառավարում» տեղեկատվական թերթիկում:
  • Հոգնածությունը ը նույնպես տարածված երևույթ է: Որքան ծանր է այրվածքի վնասվածքը, այնքան մեծ է հոգնածության մակարդակը:
  • Բուժման ընթացքում հաճախակի հանդիպող երևույթ է քորը: Ոչ մի դեպքում չի կարելի քորել վերքերը: Խոնավեցնող միջոցներն ու հակահիստամինները կարող են պակասեցնել քորը այրված հատվածում: Արդեն բուժված այրվածքի վրա սառը կոմպրեսների կիրառումը նույնպես կարող է օգնել: Լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել «Այրվածքից հետո մաշկի քորը» տեղեկատվական թերթիկում:

Հաճախ հիվանդները դժվարությամբ են դիմանում այս ախտանիշներին։ Բոլոր դեպքերում նրանք պետք է իրենց ինքնազգացողության մասին հայտնեն իրենց բուժմամբ զբաղվող մասնագետին և տեղեկացվեն այդ ախտանիշները թեթևացնող առկա տարբերակների մասին։ Սույն տեղեկատվական թերթիկի վերջում հիվանդներին, նրանց ընտանիքի անդամներին ու ընկերներին հնարավորություն է տրվում գրելու իրենց հուզող հարցերը:

Վարակներ

Այրված մակերեսները կարող են վարակվել և՛ վնասվածքի պահին, և՛ բուժման ընթացքում: Վարակը կանխելու համար այրվածքային վնասվածքներ ունեցող հիվանդները պետք է անվերապահ կերպով հետևեն իրենց բուժմամբ զբաղվող թիմի հրահանգներին:

Նրանք պետք է հետևեն հիվանդանոցում վարակի վերահսկման ուղեցույցներին, ինչպիսիք են ձեռնոցների և խալաթների օգտագործումը: Ձեռքերի հիգիենայի պահպանումը ևս կարող է կանխել վարակը: Սա վերաբերում է ինչպես տուժածին, այնպես էլ նրա ընտանիքի անդամներին, ընկերներին և խնամակալներին: Կարևոր է նաև, որ յուրաքանչյուր վիրակապման ժամանակ վերքերը լվացվեն օճառով և ջրով՝ վարակի հավանականությունը նվազեցնելու համար, բացառությամբ հակացուցումների: Վիրակապերը սովորաբար պարունակում են տեղային հակաբիոտիկների քսուք, որը կանխում է բաց վերքի մեջ բակտերիաների բազմացումը:

Սպիներ

Կախված այրվածքի վնասվածքի աստիճանից և տեղից, ինչպես նաև հիվանդի տարիքից և էթնիկ պատկանելությունից՝ կարող են առաջանալ սպիներ: Դժբախտաբար, դժվար է

կանխատեսել, թե ում մոտ կզարգանան սպիները։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն այրվածքները, որոնք ապաքինվում են 14 օրվա ընթացքում, սովորաբար չեն սպիանում: Որքան երկար է վերքը բաց մնում, այնքան մեծանում է սպիների առաջացման հավանականությունը: Առաջանում են հիպերտրոֆիկ այրվածքների սպիներ (սկզբնական այրվածքի տարածքում արտահայտված սպիներ), ինչը հաճախ հանդիպող բարդություններից է։ Կախված իրենց տեղադրությունից՝ դրանք կարող են սահմանափակել այրված տարածքի ֆունկցիոնալությունը, ինչպես նաև ազդել տեսքի վրա: Բացի այդ, կարող են ունենալ նաև սիմպտոմատիկ դրսևորումներ՝ անհանգստություն, քոր և ձգվածություն:

Հիպերտրոֆիկ սպիների հետ աշխատելու տարբեր բուժումներ կան, ներառյալ սեղմող հագուստներ, գելային սիլիկոնե շերտեր, ինքնամերսում և սպիների վերացման լազերային թերապիա: Բուժման այս եղանակների վերաբերյալ ավելին իմանալու համար խորհրդակցեք ձեր բուժաշխատողի հետ:

ՓՈՒԼ III. Երկարաժամկետ ապաքինում և վերականգնում

Վերականգնում

Վերականգնման ընթացքում համապատասխան տեղեկատվության և թերապիայի միջոցով հիվանդին օգնում են հասնել առավելագույն ապաքինման։ Դա կարող է ներառել նաև ֆիզիկական և օկուպացիոն թերապիա: Ֆիզիկական թերապիան բուժում է ֆիզիկական թերությունները՝ նպատակ ունենալով բարելավել մարդու քայլելու և շարժվելու, առօրյա գործերը կատարելու և ինքնուրույն ապրելու կարողությունը: Բուժումը կարող է ներառել վարժություններ, ինչպես նաև վիրակապերի, դեղորայքի և օժանդակ սարքերի օգտագործում (օրինակ՝ հենակներ կամ քայլակներ), մերսում և հոդերի մոբիլիզացիա։ Հաջորդիվ ներկայացված են վերականգնման ընթացքում առավել հաճախ կիրառվող բժշկական ծառայություններից մի քանիսը.

  • Օկուպացիոն թերապիան ներառում է ամենօրյա գործողություններ և նյութեր, որոնք օգնում են հիվանդներին ավելի լավ վերականգնվել: Օրինակ՝ հիվանդը կարող է մարզվել ինքնուրույն հագնվելու, լողանալու, սնվելու կամ ճաշ պատրաստելու ուղղություններով:
  • Խոսքային և լեզվական պաթոլոգիան օգնում է կուլ տալու, ձայնի, ճանաչողական խնդիրների և հաղորդակցության ուղղություններով: Այրվածքներով հիվանդների վերականգնման ընթացքով զբաղվում են տարբեր հաստատություններ:
  • Այրվածքաբանական կենտրոնները հիվանդանոցային բուժման ընթացքում տրամադրում են ինտենսիվ ֆիզիկական և օկուպացիոն թերապիա: Բուժաշխատողների թիմը նաև տևական ժամանակ հետևում է հիվանդին` անհրաժեշտության դեպքում նշանակելով լրացուցիչ թերապիա:
  • Ստացիոնար վերականգնողական բուժհաստատություններում գործում են հատուկ նախագծված ստացիոնար վերականգնողական բաժանմունքներ: Այրվածքաբանական բաժանմունքից դուրս գրվելուց հետո հիվանդները մնում են վերականգնողական հաստատությունում և կարևոր է, որ օրական առնվազն 3 ժամ հետևեն թերապիաների։
  • Մասնագիտացված խնամքի հաստատությունն այն վայրն է, որտեղ հիվանդները կարող են գնալ այրվածքաբանական կենտրոնից դուրս գալուց հետո: Հիվանդներն ապրում են այս հաստատություններում և ստանումբժշկական և բուժքույրական խնամք, ինչը նպաստում է նրանց արագ ապաքինմանը:
  • Ամբուլատոր վերականգնողական կենտրոնը բժշկական հաստատություն է, որը ֆիզիկական և օկուպացիոն թերապիա է իրականացնում այն հիվանդների համար, ովքեր ապրում են տանը։

Սնունդ

Լավ սնվելը վերականգնման գործընթացի կարևոր մասն է: Այրվածքային վնասվածքի բուժումն ավելի շատ կալորիաներ ու սպիտակուցներ է պահանջում, քան այլ տեսակի վնասվածքների դեպքում: Սննդաբանները լիարժեք սնվելու կարգի վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրեն։ Հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել «Այրվածքից հետո առողջ սնունդը» տեղեկատվական թերթիկում:

Հոգեկան առողջություն

Տրավմատիկ վնասվածքից հետո բնական է տագնապ կամ անհանգստություն զգալը: Այրվածքները կարող են ահռելի սթրես առաջացնել հիվանդի և իր ընտանիքի համար։ Այրվածքաբանական թիմերում ընդգրկված են հոգեբաններ և հոգեբույժներ, ովքեր օգնում են հիվանդին աշխատել իր զգացմունքների և մտահոգությունների հետ: Հոգեբուժական և հոգեբանական ծառայությունները լուծում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են դեպրեսիան, տագնապը, հետտրավմատիկ սթրեսը, կախվածությունը, քնի խանգարումները։ Սոցիալական ծառայությունները կարող են օգնել ընտանիքներին բնակարանների, ֆինանսների և առողջապահական ծառայություններ ստանալու հարցերը կարգավորելու գործում։

Ինչ պետք է անեն ընտանիքը և ընկերները, երբ իրենց հարազատը վնասվել և հոսպիտալացվել է

Բացի բուժանձնակազմի խնամքից՝ հիվանդները կարող են աջակցություն ստանալ նաև ընտանիքի ու ընկերների կողմից: Այցելուները և խնամատարները կարևոր դեր են խաղում վերականգնման գործընթացում: Ընտանիքի անդամների և ընկերների համար կարևոր է հոգ տանել նաև իրենց հանգստի մասին (օրինակ՝ բնակարան, սնունդ և երեխաների խնամք): Ընկերների և ընտանիքի անդամների այցելությունների ժամերի համակարգումը կարող է օգտակար լինել: Պետք է ընտանիքի անդամներից մեկին նշանակել որպես բուժանձնակազմի հետ հիմնական կապ հաստատող։ Այդ անձը պետք է լինի չափահաս, ով պետք է համագործակցի հիվանդին բուժող անձնակազմի հետ։

Հասանելի ռեսուրսներ

«Այրվածքի մոդելային համակարգ» ծրագրի տեղեկատվական թերթիկները տեղեկատվության կարևոր աղբյուր են, որտեղ քննարկվում են այրվածքային վնասվածքներին առնղվող բազմաթիվ թեմաներ, ինչպիսիք են քնի հետ կապված խնդիրները, մարմնի տեսքը, սոցիալական շփումները և սննդառությունը: Տեղեկատվական թերթիկները հասանելի են առցանց (http://www.msktc.org/burn/factsheets)՝ անգլերենով և իսպաներենով:

Տեսանյութերը նույնպես հասանելի են նաև առցանց տարբերակով (http://www.msktc.org/burn/videos): Դրանք ներառում են ֆիզիկական վարժություններ և այրվածքային վնասվածքից հետո աշխատանքի վերադառնալու հետ կապված հարցեր։

Տրավմատիկ վնասվածքից հետո անհանգստության, տագնապի և վախի զգացումը բնական երևույթ է: Տեղական և ազգային աջակցության համակարգերը տրամադրում են այրվածքային վնասվածքից ապաքինվելու վերաբերյալ աջակցություն և խորհուրդներ: Հիվանդները, նրանց ընտանիքի անդամները և ընկերները պետք է հարցնեն իրենց բուժծառայողներին աջակցության համակարգերի այնպիսի տարբերակների մասին, ինչպիսիք են Phoenix Society for Burn Survivors (https://www.phoenix-society.org/), որը Հյուսիսային Ամերիկայում գործող ավելի քան 60 այրվածքաբանական բուժհաստատությունների և հիվանդանոցների միջև հասկակակիցների աջակցության ազգային համակարգ է։ Այն ներառում է այրվածքներից փրկվածների և նրանց ընտանիքի անդամների, ովքեր վերապատրաստվել են, որպեսզի կարողանան աջակցություն տրամադրել, այցելություններ պլանավորել և կիսվել իրենց վերականգնման փորձով:

Հարցեր այրվածքաբանական թիմի համար

Ստորև կարող եք գրել ձեր հարցերը այրվածքային վնասվածքների, բուժման տարբերակների, հիվանդանոցային բուժման հետ կապված մտահոգությունների վերաբերյալ և/կամ եթե ունեք բուժանձնակազմին ուղղված այլ հարցեր:

Հղում

Գաոգլից, Գ. (2023). Այրվածքներից հետո առաջացած հիպերտրոֆիկ սպիներ և կելոիդներ: In M. Jeschke & K. Collins (Eds.), UpToDate https://www.uptodate.com/contents/hypertrophic-scarring-and-keloids-followingburn-injuries

Հեղինակային

«Այրվածքային վնասվածքները» աշխատությունը մշակվել է 2018 թ. դոկտ. Լաուրա Ս. Սիմքոյի (BS) և Էմիլի Ա. Օհրթմանի (BA) կողմից (Բոսթոն-Հարվարդ, Այրվածքային վնասվածքների մոդելային համակարգ), Գրեչեն Ջ. Կարուկհերի (MN, RN) և Նիկոլ Ս. Ջիպրանի (MD, FACS) կողմից (Նորթուեսթի տարածքային Այրվածքային վնասվածքների մոդելային համակարգ), «Մոդել սիսթեմզ նոուլիջ թրանսլեյշն» կենտրոնի հետ համագործակցությամբ: Այն վերանայվել և թարմացվել է 2023-ին Ջոն Շուլցի (MD), Լորեն Շեփլերի (MPH) և Լորեն Թրայփոդի (PA) կողմից՝ «Մոդել սիսթեմզ նոուլիջ թրանսլեյշն» կենտրոնի հետ համագործակցությամբ։

Աղբյուր։ Մեր առողջապահական տեղեկատվության բովանդակությունը հիմնված է հետազոտական ապացույցների և/կամ մասնագիտական կոնսենսուսի վրա, ինչպես նաև վերանայվել և հաստատվել է այրվածքային վնասվածքների մոդելային համակարգերի փորձագետներից կազմված խմբագրական կազմի կողմից:

Զգուշացում։ Սույն տեղեկատվությունը նախատեսված չէ բժշկի խորհուրդներին փոխարինելու համար: Դուք պետք է խորհրդակցեք ձեր բուժաշխատողի հետ ձեր մտահոգությունների կամ բուժման հարցերով: Սույն տեղեկատվական թերթիկի բովանդակությունը մշակվել է ԱՄՆ hաշմանդամության, անկախ ապրելու և վերականգնման հետազոտության ազգային ինստիտուտի դրամաշնորհային ծրագրի շրջանակում (NIDILRR դրամաշնորհ թիվ 90DP0082) և թարմացվել է NIDILRR դրամաշնորհների շրջանակում (90DPKT0009 and 90DPBU0008): NIDILRR-ը ԱՄՆ առողջապահության և մարդկային ծառայությունների դեպարտամենտի (HHS) Համայնքային կյանքի վարչակազմի (ACL) կենտրոն է:

Տեղեկատվական թերթիկի բովանդակությունը չի ներկայացնում NIDILRR-ի, ACL-ի, HHS-ի քաղաքականությունը, և այն չի կարող ընկալվել որպես ԱՄՆ դաշնային կառավարության կողմից հաստատված փաստաթուղթ։

Մեջբերման համար։ Schulz, J., Shepler, L., & Tripodi, L. (2023), «Այրվածքային վնասվածքներ» [տեղեկատվական թերթիկ]։ «Մոդել սիսթեմզ նոուլիջ թրանսլեյշն» կենտրոն: https://msktc.org/burn/factsheets/understanding-burn-injury

Հեղինակային իրավունք © 2023«Մոդել սիսթեմզ նոուլիջ թրանսլեյշն» կենտրոն (MSKTC): Կարող է վերարտադրվել և ազատորեն տարածվել համապատասխան աղբյուրների հիշատակումով։ Վճարովի նյութերում ներառելու դեպքում պետք է ունենալ նախնական թույլտվություն: